Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հիսուսն է իրական մարգարիտը

Հիսուսն է իրական մարգարիտը
17.02.2015 | 11:12

«ԽԱՉՆ ԱՌՆԵԼ ՈՒ ԳՆԱԼ ԻՐ ՀԵՏԵՎԻՑ»
Հարց՝ որտե՞ղ է իրական մարգարիտը, որը մենք փնտրում ենք: Մեր կուտակած գանձե՞րն են դրանք՝ թանկարժեք մեքենաներ, սարերի վրա տներ, դրամ, հարստություն, սրա՞նք են մարգարիտները: Քրիստոնյա մարդու պատասխանը պիտի լիներ.
-Անշուշտ, ո՛չ:
Ինչո՞ւ: Ինչպես Հիսուսի պատմած վաճառականի (Մատթ. 13:46) պարագայում ասացինք, թե նա ամեն ինչ արեց, որ այդ թանկագին մարգարիտը գնի, այսինքն` կարողացավ հավաքել անհրաժեշտ դրամը, նույնը, համոզված ենք, պիտի աներ մեզնից ամեն մեկը, եթե դրա անհրաժեշտությունը զգացվեր: Պատկերացրեք, եթե մենք նույնպիսի հավատով, եռանդով ու աշխատասիրությամբ մեր ունեցած հարստությունը տրամադրենք` գտնելու իրական մարգարիտը` ճշմարտության բանալին, որ է մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոս, ապա վստահ եղեք, որ անպայման պիտի ժառանգենք Երկնային թագավորությունը: Ո՛չ մի գանձ, հարստություն և ժամանակավոր երջանկություն չեն կարող փոխարինել հավիտենական այն ուրախությանը, որը Փրկիչը Ինքն է մեզ տալիս Իր թագավորական իշխանությամբ, Իր հույսով ու մանավանդ, մեր նկատմամբ ունեցած Իր անհուն սիրով: ՈՒրեմն, լավ պիտի հասկանանք ու գիտակցենք, որ այս երկրային կյանքի թանկարժեք մարգարիտները աղոթքի և հավատի միջոցով մեր կատարած բարի ու արդար գործերն են, որոնցով միայն պիտի կարողանանք Քրիստոսին ունենալ մեր մեջ: Եվ ամեն մի քրիստոնյայի պարտականությունն է բոլորին ճանաչել տալ Հիսուս Քրիստոսին, կարևոր չէ, թե քարոզողը ինչ մասնագիտություն ունի. բժի՞շկ է, հավաքարա՞ր է, կոշկակա՞ր է, ներկարա՞ր է, պարզ շինարա՞ր է, մի խոսքով ամեն մարդու պարտականությունն է քարոզել Քրիստոսի Ավետարանը։ Քրիստոսին ունենալ մեր մեջ նշանակում է, ինչպես Ինքն է ասում. «Խաչն առնել ու գնալ Իր հետևից», այսինքն` խնամել հիվանդին, մխիթարել սգավորին, բարձրացնել ընկածին, մի խոսքով` նմանվել աշխարհի Լույսին, թանկարժեք Մարգարիտին, ճշմարտության բանալուն, մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին:
Այժմ ներկայացնեմ ուսանելի մի պատմություն.

ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՎԱՔԱՐԱՐԸ
Հնդկաստանում ապրում էր բարեպաշտ մի հավաքարար, որը փողոցներում Հիսուսի Ավետարանն էր քարոզում: Օրերից մի օր ազնվականներից մեկը, տեսնելով հավաքարարի շուրջը հավաքված ժողովրդին, զարմացած հարցնում է.
-Չեմ հասկանում, թե մի հավաքարար ի՞նչ կարող է ասել, որ այս ապուշները հետաքրքրությամբ լսեն նրան:
Ազնվականի վիրավորանքին ուշադրություն չդարձնելով, բարեպաշտ հավաքարարը հանգիստ պատասխանում է նրան.
-Երբ Հիսուս ավանակի վրա նստած Երուսաղեմ մտավ, բոլոր մարդիկ իրենց հագուստները փռեցին կենդանու ոտքերի առջև: Երբ Նա ավանակից իջավ, ոչ ոք այլևս Նրա վրա ուշադրություն չդարձրեց: Այլ խոսքով, ես ուշադրության արժանի զրո եմ, այսինքն՝ ոչինչ եմ: Քրիստոսին, որի մասին քարոզում եմ, Դուք Նրա ճշմարտություններն ուշադիր լսեք:

ԿԱՐԵՎՈՐԸ ՆՐԱՆ ՃԱՆԱՉԵԼՆ Է
Իմաստուն պատասխան, այսինքն կարևոր չէ՝ ով է և ինչ մասնագիտության տեր մեկն է քարոզում Հիսուսին, այլ գլխավորը և կարևորը Նրան ճանաչելն է ու լսելը, և ոչ միայն Նրա ճշմարտությունները լսելը, այլև գործադրելը:
Պողոս առաքյալը գաղատացիներին ուղղած նամակում ասում է. «Քրիստոսի հետ խաչ ելա, կենդանի եմ այսուհետ. բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս: Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հավատով եմ ապրում, որ սիրեց ինձ և իրեն մահվան մատնեց ինձ համար» (Գաղատ. 2:20-21):
Նույնը արեցին մեր նախնիները, ի գին ամեն զոհողության ամուր ժայռի վրա հաստատեցին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին: Ահա առիթը եկել է ցույց տալու մեր նվիրվածությունն ու հավատը գործով, ընդառաջելով նոր ժամանակների քրիստոնեական կյանքի հրավերին: Պողոս առաքյալը վկայում է, թե` «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ» (Փիլիպ. 1:21): Եվ նա իր թանկագին կյանքը զոհեց իր սիրելի Հիսուսի համար: Իսկ մենք պատրա՞ստ ենք դրան։
Այսօր այս ժամանակներում մենք մեր կյանքը զոհելու կարիքը չունենք, սակայն եկեք ընդունենք այս հրավերը` մասնակցել Հայ եկեղեցին զորացնելու գործին, քարոզչության և բացատրության ճանապարհով և հավաքական ուժով վկայենք մեր ունեցած հավատի մասին. զանազան առիթների ժամանակ, լինեն դրանք ուրախ, թե տխուր, որպեսզի այդ բարի աշխատանքի համար արժանանանք Աստծու սիրուն, գթությանը, ողորմությանը, գնահատանքին ու վարձատրությանը: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ